ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը համամիտ չէ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի կարծիքի հետ, թե «միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է ու ամեն մի քոսոտ երկիր», ինչպիսին Հայաստանն է, չի կարող մտնել այդտեղ: «Խորենացու տողերով ասեմ՝ մենք փոքր, բայց հպարտ երկիր ենք, և մեր երկրում էլ միշտ կատարվել ու կատարվում են բաներ, որոնք մեզ իրավունք են տալիս քաղաքակրթության մեջ վստահաբար մեր տեղն ունենալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Մկրտչյանը:
Նրա կարծիքով՝ Ռադիկ Մարտիրոսյանը, հավանաբար, նկատի է ունեցել այն, որ ներկա պայմաններում աշխարհում զենք են արտադրում գերտերությունները, իսկ փոքր պետությունների համար դժվար է զենքի, զինատեսակի ամբողջական ցիկլ ունենալ: Հարցին՝ մենք քոսոտ երկի՞ր ենք, ԿԳ նախարարը պատասխանեց. «Երբեք: Մենք փոքր, հպարտ, ուժեղ ու մեծ հեռանկար ունեցող երկիր ենք»: Լևոն Մկրտչյանն ասաց, որ զենք արտադրելու համար փոքր երկրները հսկայական ծախսեր պետք է կատարեն: «Մենք կարող ենք ունենալ շատ լուրջ, ռազմաարդյունաբերական համալիր, ինչպիսին ունեցել ենք ժամանակին, որտեղ մենք կարող ենք մեր ռազմավարական դաշնակիցների, գործընկերների հետ մասնակցել այդ գործընթացներին: Մի ուղղությամբ խորանալը հնարավորություն կտա Հայաստանին շուկա դուրս գալու»,- նկատեց նախարարը:
Դիտարկմանը, որ գրականագետներն առաջարկում են թոշակի ուղարկել ԳԱԱ-ի 80-ամյա նախագահին այս հայտարարության համար, ԿԳ նախարարը պատասխանեց. «ԳԱԱ-ն ինքնուրույն մարմին է, և նրանք այդ խնդիրները կարգավորում են: Ես կարծում եմ, որ մեր բազմավաստակ գիտնականներին երբեմն թույլատրելի է նաև վրիպումը: Այսինքն՝ նաև մարդու կենսագրությունը հաշվի առնելով և այլն: Նրա ասածի իմաստն այն էր, կրկնում եմ, որ փոքր պետությունները չեն կարող ամբողջական ցիկլով նման խնդիր լուծել»: